Փետրվարի 18-19-ին կայացան ֆուտբոլի Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին չորս հանդիպումները. Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց ֆրանսիական «ՊՍԺ»-ին, Պորտուգալիայի չեմպիոն «Բենֆիկան» «Դա Լուժ»-ում մրցեց Ռուսաստանի չեմպիոն՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, Իտալիայի մայրաքաղաքում մրցեցին «Ռոման» և Մադրիդի «Ռեալը», իսկ Բելգիայում «Գենտը» ընդունեց գերմանական «Վոլֆսբուրգին»: INTERFOOTBALL-ը կազմել է խաղային այս շաբաթվա խորհրդանշական հավաքականը, ինչը ներկայացնում ենք ստորև:
Դարպասապահ
Կեյլոր Նավաս («Ռեալ» Մադրիդ) - Նավասը շատ վստահ գործեց «Ռոմայի» դեմ խաղում, անառիկ պահեց սեփական դարպասը, կատարեց 4 սեյվ՝ այդպիսով անցկացնելով իր 5-րդ «չոր» հանդիպումը ՉԼ-ի այս տարվա խաղարկությունում, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Պաշտպաններ
Կոնստանտինոս Մանոլաս («Ռոմա») - 24-ամյա հույն պաշտպանը, չնայած արքայական ակումբից կրած պարտությանը, հիանալի հանդիպում անցկացրեց, կարողացավ գրեթե հարյուր տոկոսով չեզոքացնել Կարիմ Բենզեմային, ինչպես նաև որոշ տհաճություններ պատճառեց Խամեսին և Ռոնալդուին:
Ռաֆայել Վարան («Ռեալ» Մադրիդ) - Ֆրանսիացին տպավորիչ հանդիպում անցկացրեց, միշտ մի քայլ առաջ էր մրցակցի հարձակվողներից, առաջինն էր երկրորդ հարկում և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի կողմից ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Էլիզեու Պերեյրա («Բենֆիկա») - Էլիզեուն շատ ակտիվ էր ողջ խաղի ընթացքում, անընդհատ միանում էր գրոհներին, կատարում սուր փոխանցումներ, միաժամանակ հասցնում էր թույլ չտալ մրցակցին ազատություն ստանալ գրոհի աջ եզրում:
Մարսելո Վիեյրա («Ռեալ» Մադրիդ) - Բրազիլացին ամենաակտիվներից մեկն էր «Ռեալի» կազմում, խաղի գրեթե կեսը Մարսելոն անցկացրեց մրցակցի կիսադաշտում՝ չնայած այն փաստին, որ առաջին հանդիպումն էր անցկացնում վնասվածքից ապաքինվելուց հետո: Այս ամենին գումարած՝ կատարեց գոլային փոխանցում Ռոնալդուին:
Կիսապաշտպաններ
Տոնի Կրոս («Ռեալ» Մադրիդ) – Գերմանացին, ինչպես միշտ, վստահ ու հանգիստ էր իր գործողություններում, նաև արագ ու մաքուր էր գործում գնդակը խլելիս: Բավականին հաճախ էր կատարում սրող փոխանցումներ, մի քանի դրվագում նրա փոխանցումներից հետո մադրիդցիները կարող էին գրավել մրցակցի դարպասը: Տոնիի փոխանցումների ճշգրտությունը այս հանդիպմանը կազմեց 92 տոկոս, ինչը հիանալի ցուցանիշ է:
Յուլիան Դրաքսլեր («Վոլֆսբուրգ») - Դրաքսլերը ամռանը «Շալկեից» տեղափոխվեց «Վոլֆսբուրգ» և դեռ չէր կարողացել գայլերի կազմում ցույց տալ այն խաղը, որի համար Յուլիանի նախկին ակումբին վճարվել էին բավականին մեծ գումարներ: Սակայն «Գենտի» դեմ խաղում Յուլիանը արդարացրեց բոլորի սպասելիքները: Արագ էր, դիպուկ և լավագույններից մեկը խաղադաշտում: Պատահական չէ, որ 22-ամյա գերմանացին կարողացավ դուբլ գրանցել իր հաշվին:
Նիկոլաս Գայտան («Բենֆիկա») - 27-ամյա արգենտինացին լավագույններից մեկն էր խաղադաշտում, գրեթե միայնակ վերահսկում էր խաղադաշտի կենտրոնը, իր թիմին օգնում էր և գրոհների ժամանակ, և պաշտպանվելիս: Ինչպես նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Խոնասին խփել թիմի միակ և հաղթական գոլը:
Հարձակվողներ
Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ» Մադրիդ) - 40 գոլ ՉԼ-ի փլեյ-օֆֆ-ում. սա բացարձակ ռեկորդ է, որին «Ոսկե գնդակի եռակի դափնեկիրը հասավ «Ռոմայի» դեմ խաղում՝ խփելով ՉԼ-ի այս խաղարկությունում իր 12-րդ գնդակը: Կրիշտիանուն այս խաղի ընթացքում կատարեց հինգ հարված, որից երկուսը դարպասին և մեկը՝ գոլ: Վերջին շաբաթվա ընթացքում Ռոնալդուի մոտ կարծես երկրորդ շնչառություն է բացվել, և նա հիշեցնում է 2-3 տարի առաջվա Ռոնալդուին:
Էդիսոն Կավանի (ՊՍԺ) - Կավանին «Չելսիի» դեմ խաղը սկսեց պահեստայինների նստարանին՝ խաղադաշտ մտնելով երկրորդ խաղակեսի միջնամասում: Դաշտ դուրս գալուց չորս րոպե անց նա ապացուցեց, որ Բլանը չսխալվեց՝ իրեն խաղաժամանակ տրամադրելով: Կավանին հիանալի կերպով եզրափակեց Անխել դի Մարիայի ոչ պակաս հիանալի փոխանցումը:
Խեսե Ռոդրիգես («Ռեալ» Մադրիդ) – Զիդանի՝ «Ռեալը» գլխավորելուց ի վեր Խեսեն դարձել է «հիմնական» պահեստային խաղացողը և փոխարինման է դուրս եկել բոլոր հանդիպումներում: Բացառություն չկազմեց նաև «Ռոմայի» դեմ խաղը, որում Խեսեն 82-րդ րոպեին փոխարինեց Խամեսին, իսկ արդեն 86-րդ րոպեին անհատական հիանալի վարպետություն դրսևորեց՝ շրջանցելով երկու պաշտպանի, և գրավեց Շչեսնիի դարպասը՝ կրկնապատկելով մադրիդցիների հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:
Գլխավոր մարզիչ
Լորան Բլան (ՊՍԺ) - Երրորդ տարին անընդմեջ ՉԼ-ի փլեյ-օֆֆ-ում միմյանց հանդիպեցին Անգլիայի և Ֆրանսիայի մայրաքաղաքները ներկայացնող ակումբները: Ֆրանսիացիները խաղին մոտեցել էին ֆավորիտի կարգավիճակով և կարողացան արդարացնել սպասելիքները: Հաղաթանակի մեջ մեծ էր, իհարկե, Լորան Բլանի դերը, ով կարողացել էր հիանալի կերպով տրամադրել իր սաներին հանդիպմանը, ընտրել օպտիմալ մեկնարկային կազմ, ինչպես նաև նրան հաջողվեց խաղի ընթացքում կատարել ճիշտ փոխարինումներ, ինչի արդյունքում փոխարինման դուրս եկած Կավանին հաղթանակ պարգևեց մայրաքաղաքայիններին: Այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ ակումբ գալով՝ Բլանին հաջողվեց ՊՍԺ-ում կարգավորել հոգեբանական լարված վիճակը:
Հեղինակ՝ Մհեր Խուդավերդյան
ՀՈԴՎԱԾՆԵՐ






