Ամիսներ առաջ, երբ մեր փոքրիկ թիմն սկսեց պատրաստել հեղինակային փոքրիկ ֆիլմեր ֆուտբոլի ու ֆուտբոլիստների մասին, առաջին հերթին նպատակ ունեինք իրացնել մեր ասելիքն ու մեր նպատակները: Եվ այս կարճ ժամանակահատվածում համոզվեցինք, որ դրանք արդարացված էին, ինչի մասին են վկայում մեր բազմահազար հետևողները թե Ֆեյսբուքում, թե Յութուբում, նրանց աջակցող, քաջալերող մեկնաբանություններն ու բազմաթիվ անհատական նամակները: Հենց այս հանգամանքն էլ վճռորոշ եղավ՝ interfootball.am կայքի թողարկման համար: Մենք հիանալի հասկանում ենք, որ կայքերի, այդ թվում՝ մարզական կայքերի առատության մերօրյա ժամանակներում հարկավոր է ուղղակի մրցակցել: Սակայն ի սկզբանե ուզում ենք պարզ ու հանրամատչելի հայտարարել՝ մենք ոչ մեկի հետ մրցակցելու ցանկություն չունենք:Մեր դիրքորոշումը հստակ է.
1.Շարունակել հեղինակային տարբեր տեսանյութ-պատմությունների պատրաստումն ու ներկայացումը՝ չբացառելով ընթացիկ տեղեկատվական այլ տեսանյութերի հրապարակումը:
2.Առավելապես մատուցել վերլուծական հրապարակումներ ֆուտբոլի վերաբերյալ, միևնույն ժամանակ ապահովել ընթացիկ կարևոր տեղեկատվության մատուցում:
3.Երբեք չտրվել էժանագին սենսացիաների ու մարդկանց ապակողմնորոշող, բայց իրականության հետ կապ չունեցող վերնագրերի գայթակղությանը:
4.Առավելագույնս պահպանել լրագրողական պրոֆեսիոնալիզմն ու գրագետ խոսքի մշակույթը:
5.Առաջնորդվել բացառապես ՀԱՆՈՒՆԻ և երբեք ոչ ԸՆԴԴԵՄԻ հոգեբանությամբ, առավել ևս, երբ խոսքը հայկական ֆուտբոլին է վերաբերվում: Սա, անշուշտ, չի նշանակում, որ քննադատություններ չեն լինելու: Այն էլ ինչպես են լինելու, սակայն միմիայն մեկ նպատակով՝ օգնելու, նպաստելու, այլ ոչ թե չարությամբ, կամ ուղղակի քննադատելու և մի քանի ավելի դիտում ապահովելու միտումով:
6.Հեղինակային բոլոր նյութերում այսուհետ ևս ապահովել այն հիմնական խնդիրները, որ մենք դրել ենք մեր առջև անցած այս ողջ ժամանակահատվածում, այն է՝ ոչ միայն հնարավորինս մոտիվացնել հատկապես երիտասարդներին՝ զբաղվելու ֆուտբոլով, սիրելու ֆուտբոլը, այլև կոնկրետ օրինակներով օգնել նրանց հաղթահարելու կյանքի բազմազան դժվարություններն ու խոչընդոտները, հետևողականորեն հասնելու իրենց նպատակներին: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ արդեն իսկ բազմաթիվ նամակներ ենք ստացել, որոնք ապացուցում են, թե ինչքան արդյունավետ է եղել նման մոտեցումը: Բայց այս մասին դեռ կխոսենք:
7.Վերջապես երբեք տուրք չտալ բամբասանքին:
Ժամանակը ցույց կտա, թե նման մոտեցումը մրցավազքի մերօրյա պայմաններում որքանով կլինի արդարացված, որքանով ընթերցողների, ֆուտբոլասերների կամ հենց գովազդատուների շրջանում (բնական է, որ ցանկացած կայք կարող է գործել գովազդների շնորհիվ) կգնահատվի վերոնշյալը, ինչը կգերակշռի՝ դիտումային ու լայքային վիճակագրական չոր թվերը (որոնք ապահովելը առանձնապես բարդ բան չէ), թե նպատակները, որոնք թեկուզ մեկ երիտասարդի կարող են օգնել: Կրկնում ենք՝ սա ժամանակը ցույց կտա, բայց մենք ներքուստ վստահ ենք, որ բարի նպատակները հաստատ արդարացված են: Մենք գնահատում ենք մեր յուրաքանչյուր իրական հետևողի, ընթերցողի, յուրաքանչյուր կառույցի մասնակցությունը այդ նպատակների իրականացման ճանապարհին՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման, հանուն մեր պատանիների, երիտասարդների այսօրվա ու ապագայի և ուղղակի հանուն ՀԱՆՈՒՆԻ: Մնացածը հաստատ երկրորդական է: Իսկ ովքեր այլ պատկերացումներ ունեն այս ամենի մասին կամ ում համար գերակա են այլ արժեքները, այդ թվում՝ իրական կամ արհեստական, նաև նրանց տեսակետն ենք հարգում՝ մնալով, սակայն, հավատարիմ մեր մոտեցումներին: